05/08/2017 14:25
Ազատ տնտեսական գոտին Իրանին թույլ կտա Հայաստանով դեպի ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա ապրանքներ արտահանել. Իրանագետ
Հայաստանի սերտ հարաբերությունները ԵԱՏՄ-ի, ինչպես նաև՝ Եվրամիության հետ, հնարավորություն են տալիս Իրանին ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, հատկապես, տնտեսական ոլորտում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Կարեն Մկրտչյանը:
«Տարբեր ծրագրերի իրականացումն ու ազատ տնտեսական գոտու հիմնումը Իրանի կողմից հնարավորություն են տալիս երկու կողմերին նոր ծրագրեր առաջարկել, հատկապես` գործարար ոլորտում»,- նշեց նա։
Իրանագետի դիտարկմամբ՝ հայկական կողմը պետք է լուրջ ակնկալիքներ ունենա հայ-իրանական սահմանին տեղակայված ու շուտով գործարկվելիք ազատ տնտեսական գոտուց:
«Այս ծրագրով հայկական և իրանական բիզնեսները պետք է զարգացում ապրեն: Ազատ տնտեսական գոտին Իրանին թույլ կտա Հայաստանով դեպի ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա ապրանքներ արտահանել, իսկ Իրանի համար ամենահեռանկարային ոլորտներից մեկը, թերևս, էներգետիկ ռեսուրսներն են»,- նշեց Կ. Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Իրանը տարածաշրջանային անվտանգության կերտողներն են, ոչ թե անվտանգության սպառնալիքներ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը:
«Եթե անգամ հայ-իրանական հարաբերություններում խնդիրներ կան, դրանք լուծելի են, սակայն լուրջ խնդիրներ, որպես այդպիսին, չկան: Ցանկացած խնդրի պետք է հետամուտ լինել և փորձել լուծումներ գտնել՝ բանակցությունների ճանապարհով, ոչ թե` հակասությունների»,- ընդգծեց իրանագետը: