09/08/2017 15:06
«Ժառանգություն»-ում չեն բացառում Օսկանյանի կուսակցության հետ միավորումը, որի կազմում կլինի նաև Սեյրան Օհանյանը
«Ժառանգություն» կուսակցությունը խոստանում է սեպտեմբերի կեսերին հանրայնացնել կուսակցության ներկայացուցիչներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Արմեն Մարտիրոսյանի՝ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքները:
«Առ այսօր ինչ արվել է, կոնկրետ որևէ բան ասել չեմ կարող, որովհետև մեր վարչությունն այս պահին մեծավ մասամբ արձակուրդում է, և մենք սպասում են սեպտեմբերի առաջին կեսերին հանդիպողների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Արմեն Մարտիրոսյանի միջանկյալ զեկույցը լսել», -Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:
Նրա խոսքով, բանակցողները վարչությանը կներկայացնեն, թե ի՞նչ հանդիպումներ են եղել, ո՞ր ուժերի հետ են եղել բանակցությունները ու դրանց արդյունքները:
Կուսակցականը վկայակոչեց «Ժառանգության»` ավելի վաղ տարածած մանիֆեստը, որի համաձայն, ընդդիմադիր դաշտում կուսակցությունների խոշորացումը անհրաժեշտություն է.
«Երկիրն այնպիսի վիճակում է, որ այլ ճանապարհ, քան խոշոր ընդդիմադիր թև ստեղծել ու գեներացնել ժողովրդի ընդդիմադիր հատվածին, անհնար է: Այս իրավիճակը ուղղակի ճգնաժամ է»:
-Հնարավո՞ր է բանակցությունների արդյունքում խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դառնա կուսակցություն:
-Այդ մասին որևէ բան ասելու իրավասություն չունեմ: «ՕՐՕ» դաշինք այլևս չկա: Դա նախընտրական դաշինք էր: Կա Րաֆֆի Հովհաննիսյան և «Ժառանգություն» կուսակցություն, կա Սեյրան Օհանյան գեներալ և գործիչը, կա Վարդան Օսկանյանն՝ իր «Համախմբում»-ով: Նրանք այս պահին շատ լավ համագործակցում են միմյանց հետ, թե հետագայում ի՞նչ կլինի` չեմ կարող ասել:
-Իսկ հնարավո՞ր է «Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցությունները համախմբվեն:
-Այո: Որևէ բան չի բացառվում, բայց ես չեմ կարող դա ոչ հաստատել, ոչ հերքել: Մենք կարող ենք առարկայական որևէ բան ասել միայն սեպտեմբերի կեսերին:
-Իսկ այդ կազմավորվելիք ուժի կազմում տեսնո՞ւմ եք Սեյրան Օհանյանին:
-Ինչո՞ւ ոչ: Հրաշալի գործիչ է, որը կարող էր լինել իշխանության մեջ ու հետո որոշել…Վա՞տ է, որ որոշել է դուրս գալ ու պայքարել հոռի երևույթների դեմ:
-Լավ, տիկին Մուրադյան, մոտավորապես ի՞նչ քաղաքական ուժերի հետ են հնարավոր բանակցություններ և որո՞նք կարող են լինել դրանք:
-Ես կուսակցության վարչության անդամ եմ և որոշակի տեղեկություններ ունեմ. հնարավոր են բոլոր այն ուժերի հետ, որոնք այս կամ այն կերպ տարակարծություն ունեն իշխանությունների հետ: Պետք է դնել երկիրը փրկելու խնդիր: Մենք չպետք է թույլ տանք, որ մինչև ապրիլ Սերժ Սարգսյանը նորից վերարտադրվի, որ կուսակցապետություն չլինի, իսկ դրա դեմ պետք է այդ ուժերի համախմբումը տեղի ունենա:
-Օրինակ՝ իշխանությունների հետ տարակարծություններ ունեն նաև Ելքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նրանց հետ միավորում հնարավո՞ր է:
-Եթե խնդիրները հիմնականում համընկնում են … Բազմիցս «Ժառանգությունը» հայտարարել է, որ պատրաստ է ինքը որևէ նախաձեռնության միանալ, որևէ ամբիցիա չունենալով, միայն թե այս վիճակից Հայաստանը դուրս գա:
-Ինչպե՞ս եք պատկերացնում դա, այն դեպքում, երբ խորհրդարանը արդեն ձևավորվել է, և կառավարությունը կազմավորվելու է հենց խորհրդարանի միջոցով:
-Այո, ցավոք սրտի խորհրդարանը վերահսկելի է Սերժ Սարգսյանի կողմից և այնտեղ կան անհատներ, որոնք մեծ ցանկության դեպքում էլ չեն կարողանալու իրենց քվեարկությամբ ազդել որոշումների վրա: Բայց ես շեշտը չէի դնի խորհրդարանի վրա, որովհետև արտախորհրդարանական հետաքրքիր ուժեր, գործիչներ կան: Մնում է, որ որևէ կերպ իրենք համախմբվեն ու գեներացնեն ժողովրդի ընդդիմադիր հատվածին, որը իմ տվյալներով մինչև 80 տոկոս է: Ժողովուրդը պետք է տեսնի, հասկանա՝ սևը սա է, սպիտակը՝ սա: