11/08/2017 18:54
«Ելք» դաշինքն իր գործելաոճով ասոցացվում է ընդդիմության հետ. քաղտեխնոլոգ
Սովորաբար հուլիսի կեսերից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը բավական պասիվ շրջան է, իսկ դա ցանկացած երկրում բնորոշ է քաղաքական կյանքին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում` խոսելով քաղաքական պասիվ ժամանակաշրջանի մասին, ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Այս տարվա անհամեմատ պասիվությունը նաև պայմանավորված է նրանով, որ ընդամենը երկու-երեք ամիս առաջ են ընտրություններն ավարտվել։ Ըստ էության, ավարտվել է իշխանության ձևավորման բավականին լուրջ փուլ, և քաղաքական գործընթացները հիմա որոշակի սպասումների մեջ են»։
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ սկսում է նոր փուլ ձևավորվել, որը պետք է սկիզբ դնի նոր նախընտական շրջանի.
«Մոտակա 5 տարիների ընթացքում ընտրություններ չեն լինելու, դրա համար քաղաքական ուժերը, որոնք ապավինում են սահմանադրական մեթոդներին, առանձնապես լուրջ արտահայտվելու թեմաներ չունեն, առավել ևս՝ այս մեռյալ սեզոնին։ Տեսնում ենք նաև, որ արտախորհրդարանական ուժերը բավական թույլ են՝ որպեսզի կարողանան լուրջ զանգվածային գործողություններ սկսել»։
Դիտարկմանը, թե սպասելի՞ է, որ գոնե աշնանը ակտիվություն կլինի քաղաքական դաշտում, Վիգեն Հակոբյանն արձագանքեց.
«Աշնանն այլ պատկեր կունենանք այն առումով, որ քանի դեռ 2018 թվականի գլխավոր ինտրիգը՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո Սերժ Սարգսյանի ապագա գործունեության հարցը դեռևս բաց է մնում, այդ հարցն անընդհատ լինելու է օրակարգում, և եթե նույնիսկ այդ հարցի շուրջ իրական քաղաքական պրոցեսներ էլ չլինեն, այնուամենայնիվ, թե՛ մամուլը, թե՛ քաղաքական որոշ շրջանակներ այդ հարցը տաք են պահելու»։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ նույնիսկ լուրջ ընդդիմության բացակայությունը չի խանգարի, որպեսզի վերոնշյալ թեման իշխանական որոշ խմբավորումների ճիգերի շնորհիվ մնա օրակարգային։
«Չեմ բացառում, որ երկրորդ գլխավոր թեման կարող է լինել աշխարհաքաղաքական վեկտորի շուրջ որոշ բանավեճերը։ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը ևս կարող է օրակարգային լինել»,- ասաց նա։
Դա, ըստ Վ. Հակոբյանի, լուրջ արդյունքներ չի ունենա, բայց կլինի ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական օրակարգի հարցը։
«Եթե ըննդիմություն ասելով տվյալ դեպքում հասկանում ենք «Ելք» դաշինքին, ապա այն իր օրակարգը պետք է փորձի ստեղծել։ «Ելքը» փորձեց խառնվել իշխանության ներքին գործերին, ինչպես դա տեսանք կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, բայց պետք է հասկանալ, որ ընդդիմությունն այնքան ռեսուրս չունի, որպեսզի այդ պրոցեսների վրա գործուն ազդեցություն ունենա։ Դրանք ավելի շատ իմիտացիոն գործողություններ են, ինչ-որ չափով նույնիսկ դրանք բխում են ինչ-ինչ իշխանական շրջանակների շահերից»։
Քաղտեխնոլոգի մեկնաբանմամբ՝ «թամաշայի» համար աշունը ձանձրալի չի լինի. «Քննարկումները 2018 թվականի գլխավոր ինտրիգի շուրջ են լինելու, չի բացառվում նաև, որ ընդդիմությունն իշխանական որոշ շրջանակների «պասով» փորձի աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ աղմուկ բարձրացնել, քննարկումներ սկսել»։
Վիգեն Հակոբյանը թեև դժվարացավ ասել, թե ինչ ակտիվությամբ, բայց պնդեց, որ Արցախի խնդրի շուրջ ինչ-որ պրոցեսներ կլինեն։
Դարձյալ անդրադառնալով իշխանական և ընդդիմադիր ուժերին, Վիգեն Հակոբյանն ասաց, որ «Ելք» դաշինքն իր գործելաոճով ասոցացվում է ընդդիմության հետ, փորձելով որոշ հարցերի շուրջ այլընտրանքային հոսանքներ ձևավորել։
«Քանի որ արտախորհրդարանական հին ընդդիմությունը կիսաքանդված վիճակում է, նորերն էլ առանձնապես չեն երևում, այդ դաշտում ամեն ինչ կենացների ու կոչերի մակարդակում է, ապա այս պարագայում ընդդիմադիր ուժերին բնորոշ կյանքի նշույլներ «Ելքի» կողմից են նկատվում։ Թե որքանով է դա արդյունավետ ու իրական՝ այլ խնդիր է»։