11/08/2017 10:15
Վայոց ձորում 230 հա վրա տարածված հրդեհի մարմանը մասնակցում է 100 զինծառայող, ՊՆ ուղղաթիռ և 30 ոստիկան
Օգոստոսի 11-ի, ժամը 09:30-ի դրությամբ Վայոց ձորի Արտավան գյուղում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դրանց ներգրավված են 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 30 աշխատակից:
Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:
Դեպքի վայրում են ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա. Հարությունյանը, փոխմարզպետները, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ. Դավթյանը, հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը, մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի պետը և Արտավանի գյուղապետը:
Ավելի վաղ տղեկացրել էինք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։
Ժամը 22:30-ին դեպքի վայրից հայտնում են, որ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ և 4,5 հա անտառածածկ տարածք։
ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնում ևս 5 մարտական հաշվարկ:
Ժամը 00:50-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվել անտառտնտեսության՝ 28, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 21, մարզպետարանի՝ 11 աշխատակիցներ և Արտավան գյուղի բնակիչներ:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը:
Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ)։
Ժամը 06:25-ի դրությամբ՝ Արտավանում այրվում էր 230 հա խոտածածկ և անտառային տարածք: