11/08/2017 14:54
Ո՞նց կարելի է «ПК»-ով ինքնաթիռ խփել 1.5 կիլոմետրից. Շիրխանյանը մեղադրանքը անգրագիտություն որակեց
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով նիստի ժամանակ դատախազի կողմից մեղադրական եզրակացության ընթերցումից հետո դատավոր Արմեն Բեկթաշյանը խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանից հետաքրքրվեց, թե իրեն հասկանալի՞ է մեղադրանքի բուն էությունը:
«Որ ճշտն ասեմ՝ ես չեմ կարում հասկանամ մեղադրանքի բուն էությունը: Ստեղ չկա մեկը, որը կարա ձեռք բարձրացնի ու ասի, թե Արթուր Վարդանյանը ինձ ասել ա՝ էս արա, էն արա, էս զենքը սրա համար ա: Ստեղ հանցավոր համագործակցություն չի եղել, չկա որևէ առարկայական փաստ», - դատարանում հայտարարեց Արթուր Վարդանյանը՝ չճանաչելով իրեն մեղավոր առաջադրված մեղադրանքում:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա 2015 թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Այս գործով ամբաստանյալները 20-ն են, որոնց թվում են քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ, նաև կանայք:
Ամբաստանյալներից Անտոն Դիկրան Թոթոնջյանին ևս դատավորը հարցրեց, թե արդյոք նա իրեն մեղավոր ճանաճում է առաջադրված մեղադրանքում, սակայն վերջինը բացասական պատասխան տվեց: Ըստ մեղադրանքի, Անտոն Դիկրան Թոթոնջյանը համարվում է հանցավոր խմբին ֆինանսավորողը:
Նույն հարցին ի պատասխան, մյուս ամբաստանյալ Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ առաջադարված երեք մեղադրանքների հետո որևէ կապ չունի: «Ամաչեցի այդ ամբողջ մեղադրական եզրակացությունը լսելով, այդ անգրագիտության աստիճանը …Ո՞նց կարելի է «ПК»-ով ինքնաթիռ խփել 1.5 կիլոմետրից: Անգրագիտությունը պետք է սահման ունենա: Բայց, ինչևէ, առաջադրված մեղադրանքների հետ ես որևէ առնչություն չունեմ», - դիմելով դատավորին՝ հայտարարեց Շիրխանյանը:
Ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանը, որը քաղաքական գործիչ էր, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահը, նույնպես չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը և հայտարարեց.
«Իմ նկատմամբ առաջադրված հոդվածները արհեստածին են: Համոզված եմ, որ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում իմ 30 տարվա քաղաքական գործունեության պատճառով, որն ուղղված է եղել իշխանությունում ու երկրում տիրող կոռուպցիայի ու այլ հանգամանքների դեմ: Ես դրանց մասին հետագայում կխոսեմ: Ես կապ չունեմ հանցավոր խմբի հետ, չեմ համարում հանցավոր խումբ, որովհետև չկա հանցակազմ: Ես ուշադիր լսում եմ մեղադրանքը ու, լինելով մի քանի բուհ ավարտած, ապշում եմ, զարմանում եմ՝ ոնց են երիտասարդ երեխաներին բերել, փաթաթել այդ ծանր մեղադրանքները»: