21/08/2017 14:10
Ռուսական օդուժը Դեր Զորի մատույցներում ոչնչացրել է ԻՊ-ի ավելի քան 200 զինյալ
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ավիացիան ոչնչացրել է «Իսլամական պետության» զինյալների հերթական խոշոր ավտոշարասյունը, որը Դեր Զոր քաղաքի շրջան էր ուղևորվում Սիրիայում, հայտնում է «Интерфакс»-ը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Ռուսաստանի ՕՏՈՒ-ի ռմբակոծիչ և բանակային օդուժի կողմից ոչնչացվել է ավելի քան 20 ավտոմոբիլ՝ բարձր տրամաչափի սպառազինությամբ և ականանետներով, նաև զրահատեխնիկա, ներառյալ` տանկեր: Ոչնչացվել են նաև ավելի քան 200 զինյալ և զինամթերք փոխադրող մեծաբեռնատար ավտոմեքենաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, սիրիական զորքերի և Ռուսաստանի ՕՏՈՒ-ի կողմից Ռաքքայի նահանգի հարավից և Հոմսի նահանգի արևմուտքից դուրս մղվող ԻՊ-ի ահաբեկիչները օգոստոսի ընթացքում փորձում են ուժերը կենտրոնացնել Դեր Զորի նահանգում:
«Դեր Զորի շրջանում ԻՊ-ի ջախջախումը կդառնա Սիրիայում միջազգային ահաբեկչական խմբավորման ռազմավարական պարտությունը»,- ընդգծել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը: