02/09/2017 14:53
Եթե Ադրբեջանն իմ հանդեպ է թշնամաբար տրամադրված, ապա կարող եմ պատկերացնել, թե ինչպես են վերաբերվում իրենց հարևաններին. կանադացի պատգամավոր
Արցախում գտնվող Կանադայի Խորհրդարանի պատգամավորներ Թոնի Քլեմենտը, Ռաչել Հարդերը և «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահ և հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆին այսօր Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են, որ Արցախում հանդիպել են նաև այն ծնողների հետ, ովքեր հարազատներ են կորցրել 2 հակամարտությունների ժամանակ, տեղեկացնում է «Արցախպրես»-ը։
«Մենք ունեցել ենք վկայություններ նաև քաղաքացիների սպանությունների վերաբերյալ, այն սահմռկեցուցիչ տեսարանների մասին, որոնք տեղի են ունեցել պատերազմի ժամանակ: Որպես քաղաքական գործիչ և որպես մարդ՝ գտնում եմ, որ միշտ էլ հույս կա:
Ինչ վերաբերում է մեր այս այցի շուրջ Ադրբեջանում տեղ գտած արձագանքներին, ապա դրանք սպառնալիքներ են մեր հասցեին: Ես այստեղ եմ փնտրելու ճշմարտությունը մարդասիրական առաքելության շրջանակներում: Եթե Ադրբեջանն իմ հանդեպ է թշնամաբար տրամադրված, ապա կարող եմ պատկերացնել, թե ինչպես են վերաբերվում իրենց հարևաններին: Այս առումով չեմ դատապարտում Ադրբեջանի ժողովրդին, այլ միայն մաղթում եմ խաղաղություն, և սա այն վերաբերմունքն է, որ մենք ունենք Ադրբեջանի կառավարության և ժողովրդի նկատմամբ», - ասել է Թոնի Քլեմենտը:
Իսկ Ռաչել Հարդերն էլ, կիսվելով Արցախում ստացած իր տպավորություններով և խոսելով իրենց այցի նպատակների մասին, ըստ էության նշել է.
«Մենք այստեղ ենք երկու հիմնական պատճառներով. առաջինն Արցախի և Հայաստանի պաշտոնյաների և զինվորականների, պատերազմի զոհերի ընտանիքների հետ հանդիպելն է: Իսկ երկրորդը՝ պատերազմի իրական պատկերը տեսնելը, հասկանալը և լսելը տեղի մարդկանց կարծիքները, ովքեր անցել են այդ ամենի միջով և այսօր միմիայն խաղաղություն են ցանկանում: Հայ ժողովուրդը շատ բարի, հյուրասեր և մարդամոտ ժողովուրդ է, որը պայքարում է իր օրինական իրավունքների համար: Մեր այցի ընթացքում մենք հասկացանք, որ հայ ժողովուրդը ունի մեկ հայրենիք, որը բաժանված է 2 աշխարհագրական տարածքների: Գտնում եմ, որ մեր հաղորդագրությունը շատ պարզ է. հայ ժողովրդի և հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն և մենք հորդորում ենք միջազգային հանրությանը ճանաչել այդ փաստը»: