04/09/2017 16:07
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի իմպիչմենտի հարցը կվճռվի հոկտեմբերի 9-ին
Ստրասբուրգում հոկտեմբերի 9-ին մեկնարկելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում կվճռվի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետագա պաշտոնավարման հարցը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ այսօր Փարիզում տեղի ունեցած Բյուրոյի նիստում ընդունվել է ԵԽԽՎ նիստի օրակարգը, որում ընդգրկված հարցերից մեկը հենց Ագրամունտին անվստահութուն հայտնելու մասին բանաձևի քվեարկությունն է:
«Քվեարկությունից առաջ տեղի կունենան դեբատներ, որի ժամանակ առաջինը իր տեսակետը կհայտնի Ագրամունտին անվստահության բանաձևի հեղինակ նորվեգացի պատվիրակը, այնուհետև դիրքորոշում կհայտնեն միայն քաղաքական խմբի ղեկավարները, այլ պատվիրակներ չեն կարող խոսել: Վերջում իր տեսակետը կհայտնի Պեդրո Ագրամունտը, որից հետո անմիջապես տեղի է ունենալու բաց քվեարկություն», - Ագրամունտի իմպիչմենտի մասին բանաձևի քննարկման ընթացակարգը ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ քվեարկության համար պահանջվում է նվազագույնը 102 պատվիրակի մասնակցություն, և որպեսզի որոշումն ընդունվի պետք է նրանց 2/3-րդը կողմ քվեարկի փաստաթղթին:
Հիշեցնենք՝ ԵԽԽՎ-ն հունիսի 27-ին ձայների մեծամասնությամբ ընդունել էր բանաձև, որը ենթադրում է կանոնակարգում, փոփոխություններ, որոնցով թույլ է տալիս սկսել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը:
Ագրամունտը հայտնի է Ալիևների ընտանիքի հետ իր բարեկամությամբ՝ դեռևս այն ժամանակներից, երբ Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համազեկուցող էր։ Ագրամունտին բազմիցս մեղադրել են Ալիևներից թանկարժեք նվերների դիմաց Ադրբեջանում մարդու իրավունքների մասին իրավիճակը անլիարժեք, քողարկված ներկայացնելու համար։