06/09/2017 17:54
Շավարշ Քոչարյան. Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի արտգործնախարարին
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, թե, իբր, բոլորին հայտնի է` ինչ է քննարկվելու՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջիկա հանդիպմանը:
Մեկնաբանելով հայտարարությունը՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն Aysor.am-ին ասաց. «Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին»:
«Առաջին հերթին պետք է հաղթահարվեն այն խոչընդոտները, որոնք ստեղծվել են Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների հետևանքով, և բարենպաստ պայմաններ ստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու համար:
Իսկ կարգավորումը հիմնված է լինելու համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ներկայացված երեք սկզբունքների և տարրերի վրա, ինչը որպես գլխավոր տարր ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը», - հայտարարեց Շ.Քոչարյանը: