12/09/2017 18:35
Միայն իրենով այդպիսի խելամիտ առաջարկ ներկայացնել հնարավոր չէ. Գևորգ Պետրոսյանը՝ «Ելք»-ի առաջարկի մասին
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը թերահավատորեն է վերաբերում «Ելք»-ի առաջարկին՝ դադարեցնելու ԵԱՏՄ անդամակցությունը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ «Ելք»-ը պետք է հստակ փաստարկներ բերի և այլընտրանք առաջարկի։
«Ես թերահավատ եմ, որ «Ելքը» ԵԱՏՄ-ին փոխարինող տարբերակներ կարող է առաջարկել, որովհետև մի խմբակցությունը չի կարող այդպիսի միջազգային տնտեսական համագործակցության վերաբերյալ միայն իրենով այդպիսի խելամիտ առաջարկ ներկայացնել։ Կարող է կոնկրետ ոլորտների ու համագործացության մասին ներկայացնել, բայց մի ամբողջ միջետական համագործակցության շուրջ ինչպես կարող է մի խմբակցությունը այնպիսի առաջարկ ներկայացնել, որ կարողանա ամբողջ հանրությանը համոզել վերանայել իր մի քանի տարի առաջ հռչակած գերակայությունները», - նշեց պատգամավորը։
Միևնույն ժամանակ Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ «Ելքը» պետք է խելամիտ լուծում առաջարկի, որը կստիպի մտածել ԵԱՏՄ-ից դուրս գալու և այլ ուղղությամբ շարժվելու համար։
«Եթե այնպիսի լուծում առաջարկվի, որն ավելի շահեկան լինի Հայաստանի Հանրապետության համար, մենք հո՞ ԵԱՏՄ-ի գերին չենք։ ՀՀ-ն անկախ պետություն է և ինքն է ընտրում միջազգայի համագործակցություն ուղիները, բայց այսօր ավելի համոզիչ ու շահեկան տարբերակ չկա, ուստի այս մասին այս պահին խոսելը անժամանակ է», - հավելեց նա։
Նշենք, որ այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ առաջիկայում «Ելքը» քայլ առ քայլ կներկայացնի ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի հետընթացը։ Մասնավորապես, պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը զրկվում է այլ երկրների հետ ազատ առևտրի համաձայանգրի կնքման հնարավորությունից և չի կարողանում զարգացնել իր ռազմարդյունաբերությունը։