12/09/2017 18:12
Իրաքի խորհրդարանը քվեարկել է Քրդստանի հանրաքվեի դեմ
Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել անկախության հանրաքվեին, որն ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները պլանավորում են անցկացնել սեպտեմբերի վերջին, հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրին հայտարարել է, որ քվեարկության արդյունքները հաստատում են Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը: Նրա խոսքով՝ խորհրդարանի այս որոշումը «վարչապետին պարտավորեցնում է բոլոր միջոցները ձեռնարկել Իրաքի տարածքային ամբողջականությունը պահպանելու և Բաղդադի ու այս տարածաշրջանի փոխհարաբերությունների հարցերը կարգավորելու նպատակով լուրջ երկխոսություն սկսելու համար»:
Նաև հաղորդվում է, որ իրաքյան խորհրդարանի քուրդ պատգամավորները լքել են նիստը, որտեղ քննարկվում էր հանրաքվեն, և չեն մասնակցել քվեարկությանը:
Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների այդ քայլը քննադատել են Բաղդադը, ինչպես նաև Թեհրանը և Վաշինգտոնը: Հաղորդվել է, որ Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող է լարվածության աճ հրահրել, և կոչ են արել հրաժարվել այդ նախաձեռնությունից: