12/09/2017 14:41
Կառավարությունը փորձում է «Ելք»-ին զրկել ավագանու կազմում հանրաքվե նախաձեռնելու իրավունքից
Կառավարությունը Ազգային ժողովի դատին է ներկայացրել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով, ըստ էության, փորձ է արվում Երևանի ավագանիում «Ելք» խմբակցությանը զրկել հանրաքվե անցկացնելու հնարավորությունից։
Նախագիծը ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին տրված «նոր բովանդակությամբ»։
Այսպես, առաջարկվում է տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը հանել խմբակցություններին տրված լիազորությունների շարքից։ Նկատենք, որ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք Երևանի ավագանիում խմբակցություններն ունեցել են օրենքի ստեղծման պահից՝ 2009 թվականից և մինչ այժմ ոչ մի խմբակցություն նման քայլի չի գնացել։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Տերտերյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է կառավարությունը փորձել զրկել խմբակցություններին այդ իրավունքից, փոխնախարարն ի պատասխան ասաց, որ օրինագծի քննարկման ընթացքում կգան հստակ դիրքորոշման և վերջնական լուծումը կգտնվի երկրորդ ընթերցման փուլում։
Փաշինյանը նկատեց, որ այդ դրույթը «քաղաքական վիճահարույց» դրույթ է և այժմ պետք է հստակ հայտաարել՝ հանո՞ւմ է կառավարությունը այդ դրույթը, թե՞ ոչ։
Տերտերյանը պնդեց, որ լրացուցիչ կքննարկեն և վերջնական դիրքորոշում կհայտնեն. «Վստահ եղեք, որ այս դիրքորոշումը, եթե վերջնական լիներ, կասեինք ձեզ այդ մասին»։
Այս հարցը հասկանալիորեն վրդովեցրել էր հենց միայն «Ելք» խմբակցության պատգամավորներին, և Մանե Թանդիլյանը ևս տարակուսանք հայտնեց, թե ո՞ւմ մտքով է նման օրինագիծ ներկայացնելու գաղափար առաջացել։
«Նման առաջարկը չպետք է քննարկվեր նույնիսկ։ Մենք խոսում ենք ժողովրդավարության զարգացումից, բայց նման առաջարկ է ներկայացվում», - շեշտեց պատգամավորը։
Օրինագծի հետ կապված մտահոգությունները շարունակեց նաև Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ նոր Սահմանադրության մեջ չկա որևէ դրույթ, որի հիման վրա հնարավոր լինի առաջարկել խմբակցությանը զրկել հանրաքվե նախաձեռնելու իրավունքից։
«Ելք»-ին աջակցեց նաև «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հռետորական հարց բարձրացնելով. «Ինչո՞ւ եք այդ կարևորագույն գործիքը վերցնում ավագանուց։ Դուք տեղյակ էիք, որ խնդիրը կա, ինչը ենթադրում է, որ դրա վերաբերյալ պետք է ունենայիք դիրքորոշում։ Բայց դուք ասում եք՝ պետք է քննարկենք։ Էդ ի՞նչ մի բարդ հարց է, որ պետք է քննարկեք։ Ավագանին պետք է ունենա այն լիազորությունները, որոնք ունեցել է։ Չի կարելի ավագանու խմբակցությանը զրկել կարևորագույն գործիքներից»։