12/09/2017 17:55
Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով պատվիրակության հետ քննարկել է երկկողմ առևտրի ծավալներն ընդլայնելու հնարավոր ուղղությունները
Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առևտրային քաղաքականության և տնտեսագիտության հարցերով Առևտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսսերի գլխավորությամբ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում սա Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով պատվիրակության երկրորդ այցն է Հայաստան՝ համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ այցերը կնպաստեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի առավել խորացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Էդ Գրեսսերը մտքեր են փոխանակել երկկողմ առևտրային հարցերի, GSP արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո Հայաստանին ընձեռվող հնարավորությունների և դրանցից օգտվելու պայմանների շուրջ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցերը, քննարկվել են երկկողմ առևտրի ծավալներն ընդլայնելու հնարավոր ուղղությունները: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն զգալի տեղ է զբաղեցնում երկկողմ առևտրաշրջանառության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցերին՝ ընդգծելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: