13/09/2017 10:03
Երբ Կարեն Կարապետյանի շուրջ ինտրիգները թեժանում են, Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իր աջակցությունը. քաղտեխնոլոգ
Սեպտեմբերի 13-ին լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին։ Ի՞նչ խոստումներ տվեց նա պաշտոնը ստանձնելիս և որոնք է կատարել մինչ հիմա, վայելում է արդյոք հասարակության վստահությունը, Aysor.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ամփոփել է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին։
«Վարչապետի պաշտոնավարման մեկ տարին բավականին դժվար ժամանակաշրջան էր այն առումով, որ դրա 1/4-ը համընկել էր նախընտրական ժամանակաշրջանի հետ։ Դա օբյեկտիվորեն համարվում է անկայունության ժամանակաշրջան։ Պետք է նկատի ունենալ նաև, որ այս ընթացքում կառավարությունն արդեն երկու անգամ ծրագիր է ներկայացրել, այսինք՝ կառավարությունն աշխատում է փոքր-ինչ անորոշության պայմաններում», - ասաց քաղտեխնոլոգը։
Նա նշեց, որ նախագահ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն, ըստ եղած ժամանակացույցի, կատարվում են.
«Այսինքն՝ միշտ էլ Սերժ Սարգսյանը, երբ տեսել է, որ Կարեն Կարապետյանի շուրջ ինտրիգները թեժանում են, իր աջակցությունը ցույց է տվել», - ասաց նա։
Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ այս մեկ տարվա ընթացքում հստակ ուրվագծվել է, որ դերերի հստակ բաժանում կա Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև։
«Կարեն Կարապետյանը շեշտակիորեն ցույց է տալիս, որ զբաղվում է միայն տնտեսության և արտաքին տնտեսական հարցերով, Սերժ Սարգսյանը, բնականաբար, մնացած հարցերով՝ անվտանգություն, պաշտպանության հարցեր, արտաքին և ներքին քաղաքականություն։ Կարծում եմ, որ իրենց մեջ եղել է պայմանավորվածություն և իրենք պահպանում են այն», - նշեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է տնտեսական արդյունքներին, քաղտեխնոլոգն ասաց, թե վարչապետը խոստացել էր, որ մինչև 2018 թվականը լինելու է գույքագրման ժամանակաշրջան, այդպես էլ եղել է.
«Այս առումով որոշակի աշխատանքներ արվել են, թեպետ դրա մասին այդքան չի խոսվում, բայց գոնե վարչապետի մակարդակով փորձ է արվում փոխել կառավարման համակարգի մենթալիտետը»։
Դրա ապացույցներից են, ըստ քաղտեխնոլոգի, մարզային հանդիպումները. «Մարզային իշխանիկներին, որոնք տասնամյակներ շարունակ սովորել են դոտացիային և սովոր են միայն ուզել, փորձում է այլ բան սովորեցնել և ինչ-որ բան փոխել։ Շատ դեպքերում նրանց դեմքերին նայելիս, երբ խոսում է վարչապետը, տպավորություն է, թե կա քաղաքակրթությունների տարբերություն»։
Անդրադառնալով ներդրումներին, որոնք խոստացավ վարչապետը՝ Վիգեն Հակոբյանն ասաց, թե հանրության մոտ տպավորություն է ստեղծվել, որ նրա խոսքն օտարերկրյա ներդրումների մասին էր։
«Նրա խոսքն, իհարկե, ընդհանուր ներդրումների մասին էր։ Այստեղ, իհարկե, հստակեցումների և հաշվետվության անհրաժեշտություն կա, քանի որ կառավարությունն ասում է, թե խոստացած ներդրումների 40 տոկոսն արդեն արվել է, իսկ իր ընդդիմախոսները բոլորովին այլ թվեր են ասում», - նշեց նա։
Քաղտեխնոլոգը համաձայն չէ տարածված կարծիքին, թե վարչապետն ավելի շատ քարոզչություն է անում, քան՝ գործ։
«Նախընտրական և բուն ընտրական ժամանակաշրջանում, բնականաբար, կար փիար, ընդ որում, դա բավական արդյունավետ էր օգտագործվում, հաշվի առնելով վարչապետի անձնական խարիզման, ինչպես նաև հայկական իշխանական համակարգի համար իր ոչ սովորական կերպարը։ Դա ընտրական շրջանում, իսկ մնացած ժամանակ, այդ փիարն իր մեջ է, նա շատ ազատ է»։
Վ. Հակոբյանի համոզմամբ՝ Կարեն Կարապետյանի հիմնական դերը մեթալիտետային փոփոխություններ իրականացնելու ձգտումն է, ինչպես նաև որոշ նոր համակարգերի ներդրումը, այն էլ՝ շատ զգուշավոր։
Քաղտեխնոլոգը հիշեցրեց նաև, որ սոցիոլոգիական երկու կազմակերպությունների անցկացրած հարցումները ցույց էին տալիս, որ վարչապետը գրեթե մեկ տարի աշխատելուց հետո ունի 60-70 տոկոս աջակցություն.
«Դա «նոնսենս» է, քանի որ, սովորաբար վարչապետն ամենախոցելի ֆիգուրն է լինում, և շատ դեպքերում հենց իշխանությունները վարչապետի վրա են ուզում բարդել բոլոր դժվարությունները։ Սա ցույց է տալիս, որ հասարակության մեջ ինչպես կար այդ զգուշավոր լավատեսությունը, այնպես էլ շարունակում է պահպանվել։ Կարող ենք, իհարկե, կասկածել կամ թերահավատորեն վերաբերվել սոցիոլոգիական հարցումներին, բայց այլ սոցիոլոգիական հարցում չկա, որտեղ այլ արդյունք է ներկայացվում»։