13/09/2017 17:13
Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները չեն տապալվել. Վահան Մարտիրոսյան
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր Ազգային ժողովում բավարար գնահատեց վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ բավարար, եթե ոչ գերազանց, նախարարը պատասանեց. «Երկու գնահատական կա՝ բավարար և անբավարար: Սա դպրոց չէ, որ լավ ու գերազանց լինի»:
Այդուհանդերձ, նախարարը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի հետագայում կառավարության աշխատանքը նաև գերազանց գնահատել:
Մյուս հարցին, թե 2018 թվականին ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, նախարարն ասաց, որ մինչ այդ բավական ժամանակ կա, իր ցանկությունների մասին կարող է նաև չարտահայտվել:
Մարտիրոսյանի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում որևէ ծրագիր չի տապալվել։ Ավելին, ըստ պաշտոնյայի, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները չեն տապալվել, ծրագիրը երկարացվել է, շարունակվում է:
«Ինչ վերաբերում է տրանսպորտի վիճակին, փոփոխություններ կան, միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները շատացել են։ Ասեմ ավելին, որ տրանսպորտի ոլորտում փոփոխություններ դեռ սպասվում են», - նշեց նախարարը։