13/09/2017 17:17
Հայաստանի ԶՈՒ-ն ունի սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)
ՀՀ զինված ուժերն այսօր գտնվում են մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները, խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Հատուկ ուշադրության տակ է պահվում նաև մատակարարվող վառելիքաքսուքային նյութերի որակի և սպառազինության հագեցվածությունն ըստ լրակազմերի», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա շեշտեց՝ Հայաստանի ռազմարդունաբերական համալիրն այսօր գտնվում է վերելքի վրա։
«Եթե կիսամյակով կամ եռամսյակով պլանանավորված միջոցները չեն իրացվել, ապա դա միայն մի պատճառ կարող է ունենալ, որ լրացուցիչ խստացված պահանջներ են դրված ներկայացվող ծրագրերի հաստատման և ֆինանսավորման առումով։ Ի տարբերություն գոյություն ունեցող պրակտիկայի՝ հետազոտական հիմնարկների հետ այլևս կանխավճարային սկզբունքնով չենք աշխատում, պահանջում ենք հստակ արդյունք՝ մինչև առաջին վճարումների կատարումը», - հայտարարեց պաշտպանության նախարարը։
Ի պատասխան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցի, նախարարն ընդգծեց, որ Հայաստանի զինված ուժերն ունի սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր և դրանք կատարում են իրենց առջև դրած խնդիրները։