13/09/2017 16:15
Յունկեր. Թուրքիան ինքն է փորձում այրել ԵՄ-ի հետ բոլոր կամուրջները
Թուրքիան արագ հեռանում է Եվրամիությունից՝ փորձելով այրել բոլոր կամուրջները, բայց Եվրոպան դուռը բաց է թողնում թուրք ժողովրդի և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Եվրամիության հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորներին հասցեագրված տարեկան ուղերձով, փոխանցում է ТАСС-ը:
«Թուրքիան արդեն որոշ ժամանակ է, ինչ սրընթաց, հսկայական քայլերով հեռանում է ԵՄ-ից», - ասել է Յունկերը: Նա նաև քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանությունների կողմից լրագրողների հալածանքները՝ պահանջելով ազատել Թուրքիայում ձերբակալված եվրոպացի թղթակիցներին:
«Ես կոչով դիմում եմ Թուրքիայի իշխանություններին՝ ազատե՛ք մեր լրագրողներին և ոչ միայն նրանց: Դադարե՛ք վիրավորել մեր ղեկավարներին՝ նրանց անվանելով ֆաշիստներ ու նացիստներ», - նշել է նա:
Յունկերի խոսքով՝ Եվրոպան «հասուն ժողովրդավարության աշխարհամաս է»:
«Նրանք, ովքեր գիտակցաբար վիրավորում են նրան, ոչնչացնում են կամուրջներ գցելու բոլոր հնարավորությունները: Ինձ մոտ երբեմն այն զգացողությունն է առաջանում, որ Թուրքիայում ոմանք ցանկանում են այրել բոլոր կամուրջները, որպեսզի հետո ԵՄ-ին մեղադրեն միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները վիժեցնելու մեջ», - հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը: