13/09/2017 15:55
2017-ի 8 ամսվա ընթացքում Հայաստանում ներդրումային ծրագրերի կատարողականը կանխատեսվող $834 մլն փոխարեն կազմել է $376 մլն
ՀՀ կառավարության ներկայացրած մեկ տարվա հաշվետվության «Տնտեսության առաջընթաց և գործարար միջավայր» բաժնում նշված է, որ մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք:
«Ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը, կապահովվի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք և գրանցում Հայաստանում», - նշված է հաշվետվությունում։
«Ներդրումային ծրագրեր և դրանց իրականացման լրացուցիչ հնարավորությունների ձևավորում» բաժնում կառավարությունը հիշեցրել է, որ ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը, մեկնարկել են 2 ծրագրեր՝ շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումով։
Ըստ կառավարության ներկայացրած հաշվետվության՝ մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ, 19-ի համար՝ ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնություններ։
«2017 թ․-ի 8 ամիսների արդյունքներով պետական և համայնքային բյուջեյից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 միլիոն ԱՄՆ դոլար», - նշված է հաշվետվությունում։
Նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 միլիոն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 միլիոն ԱՄՆ դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 % և 26.3%):
Հավելենք նաև, որ ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը: