13/09/2017 13:58
Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարում հարկերի հավաքագրումն ավելացել է 6.5 տոկոսով
2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 6 տոկոսով: Հարկերի և տուրքերի հավաքագրումը ավելացել է 6.5 տոկոսով:
Այդ մասին ասված է ՀՀ կառավարության մեկ տարվա (2016 թ. սեպտեմբերի 1-ից 2017 թ. օգոստոսի 30) հաշվետվության մեջ:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.2 տոկոս, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 12.7 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառությունը ավելացել է 26 տոկոսով: Արտահանումն ավելացել է 21.6 տոկոսով, ներմուծումը՝ 28.5 տոկոսով:
Հարկային և մաքսային եկամուտները (ներառյալ ԱԱՀ վերադարձի գումարը) կազմել են 1,139,451.1 մլն դրամ, ինչը շուրջ 6.6%-ով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
47.8% կրճատվել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների թվաքանակը:
Գործարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մոնիտորինգային կենտրոնը, ներդրվել է «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի տրամադրման համակարգը: Ընդունվել են հարկային համաներում նախատեսող համապատասխան օրենքներ, որոնցով սահմանվել է հարկ վճարողների հարկային պարտավորությունների համար հաշվեգրված տույժերից ու տուգանքներից ազատում:
Ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերի վճարումից (ներկայումս 1380 ինքնազբաղված): Գործարկվել է մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել և ՀՀ Ազգային ժողով ներկայացվել 160 օրենքի նախագիծ։
Նախագծերից 62-ը վերաբերել է տնտեսական ոլորտին, 16-ը՝ սոցիալական, 65-ը՝ պետաիրավական, 17-ը՝ տարածքային, բնապահպանական, քաղաքաշինական և էներգետիկ ոլորտներին։