13/09/2017 18:06
Եվրամիություն արտահանման աճի տեմպն ավելին է, քան ԵԱՏՄ. Կարեն Կարապետյան
Այս պահին չկան շուկաներ, որոնց հանդեպ` ԵԱՏՄ անդամ լինելու պատճառով, Հայաստանը պակաս ուշադիր է, այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ինչո՞վ է ԵԱՏՄ-ն լավ` դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են, ի՞նչ կլիներ, եթե ԵԱՏՄ-ում չլինեինք` այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք ԵԱՏՄ անդամ լինելով», - արձագանքելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին ասաց վարչապետը:
Նա ընդգծեց` Եվրամիություն արտահանման աճի տեմպն ավելին է եղել, քան արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ:
«Ես, ճիշտն ասած, այս պահին չգիտեմ շուկաներ, որի նկատմամբ մենք պակաս ուշադիր ենք ելնելով մեր այսօրվա ներուժից և այնտեղ ջանք չենք կիրառում: Ավելին` հաշվետվությունից կտեսնեք թվերը. արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան նույն աճի տեմպը Եվրամիություն: Մենք շատ հետաքրքրված ենք և որոշակի քայլեր ենք ձեռնարկում նաև մեր հարևան, բարեկամ Իրանի հետ: Շատ հետաքրքիր եռակողմ բանաձև ենք ուզում առաջարկել միասին աշխատելու` Թուրքմենստան-Իրան-Հայաստան: Ընդհանրապես այդ շուկաները, որոնք տարբերվում են կլասիկ շուկաներից, նույնպես մեր հետաքրքրությունների դաշտում են», - ասաց Կարեն Կարապետյանը:
Արտահանման աճի տեմպերի առումով նա նշեց նաև թվեր: Այսպիսով աճի ցուցանիշը Եվրամիության դեպքում կազմել է 31 տոկոս, իսկ ԵԱՏՄ դեպքում` 24:
«Կգա՞ պահը, որ ԵԱՏՄ-ից դուրս գանք` այս պահին մենք նման մտավախություն չենք տեսնում: Մենք շատ ներդրողների հրավիրում ենք Հայաստան ու ներգրավվում ենք հետևյալն ասելով` դուք, երբ գալիս եք Հայաստան, այն դիտարկեք ոչ թե 3 միլիոնանոց շուկա, այլ շատ լավ հարթակ ԵԱՏՄ մտնելու համար, եթե քո հետաքրքրություններն այնտեղ են, Եվրոպա մտնելու GSP+ համակարգով, եթե քո հետաքրքրություններն այնտեղ են և, ինչպես նաև, Իրան մտնելու մեր ազատ տնտեսական գոտով», - ամփոփեց Կարեն Կարապետյանը: