13/09/2017 14:14
Պեդրո Ագրամունտը բացարձակ չի հարգում որևէ արժեք ու սեփական ֆրակցիային. Արփինե Հովհաննիսյան
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը նախատեսվում է Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձևի քվեարկությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Վերջինս ընդգծեց՝ մեծ մտավախություն չունի, որ քվերակության համար անհրաժեշտ 102 ձայնը չեն ապահովի։
«Պեդրո Ագրամունտը այս ժամանակահատվածի ընթացքում իր ցուցաբերած վարքագծով իրականում մի բան ցույց տվեց՝ նա բացարձակ չի հարգում որևէ արժեք, չի հարգում նաև սեփական ֆրակցիային», - նշեց Արփինե Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ իրենք դժվարությամբ են կարողացել Ագրամունտի կողմնակիցների ու ջատագովների խորը ընդդիմության պայմաններում որոշում կայացնել ու հեռացնել նրան ԵԺԿ-ից։
«ԵԺԿ-ն ևս պահանջում է նրա հրաժականը, բայց նա դա չարեց։ Հետևաբար ասել, որ նա համակերպվել է նաև այս որոշման հետ և չի փորձելու այլ քայլեր անել, զերծ կմնայի», - նշեց նա։
Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ Եվրոպայի խորհուրդը իր պատվիրակությունների մեծամասնությամբ ունի հստակ կամք, որը կցուցաբերի քվեարկության ժամանակ։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սպասվող երկու զեկույցներին՝ Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ դրանց վերաբերյալ դիտարկումներ կան։
ԵԽԽՎ Իրավական հարցերի հանձնաժողովում ներկայացվելու է «Ադրբեջանի նախագահություն. ինչ հետևանքներ կան» թեմայով զեկույցը, իսկ Մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցում քննարկելու են Արդբեջանի ընդհանուր մոնիտորինգային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցերը։
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին։