13/09/2017 17:00
ԵԱՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը որևիցե այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերել. վարչապետ
Եթե Հայաստանի կառավարության անդամները չեն այցելում արևմտյան երկրներ, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը արևմտյան երկրների կամ արևմտյան երկրների ներդրողների հետ օրակարգ չունի, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Մոտակա ժամանակներս նախատեսվում են այցեր ու այցը կլինի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք օրակարգ և առարկայական խոսելու թեմա», - նշեց վարչապետը։
Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ ԵԱՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը որևիցե այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերել։
«Մենք տարին ամփոփելուց պատրաստում ենք շատ լայնամասշտաբ պատասխան, ինչպես 100 օրվա մեջ ենք պատասխանել, որտեղ մանրամասն կգրենք մեր հետազոտություններն ու թվերը շուկաների վերաբերյալ», - ասաց նա։
«Լինելով ԵԱՏՄ երկրի ակումբի անդամ՝ մենք սպեցիֆիկ շուկաների նկատմամբ, ինչպիսին են Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանը, իրենց հետ չե՞նք առնչվում, իհարկե առնչվում ենք», - ասաց ՀՀ վարչապետը։