13/09/2017 11:39
Դեպի մեր Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը մեր եկեղեցին է. Շարմազանովի արձագանքը` Բագրատյանին (Տեսանյութ)
Այսօր Հայաստանի Ազգայի ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի երեկվա գրությանը և այն համարել անգրագիտություն։
«Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում. Պարոն Բագրատյանը որոշել է օրիգինալ երևալ, պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, հետո առաքելական եկեղեցուն, հիմա տեսնենք՝ հաջորդը որն է լինելու», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շարմազանովը։
Նա հավելեց, որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է և «դեպի սուրբ երրորդություն, դեպի մեր Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը Հայ առաքելական եկեղեցին է»։
ԱԺ փոխնախագահը անդրադարձավ նաև Բագրատյանի այն դիտարկմանը, թե Հայ եկեղեցին կամավոր երկու անգամ կործանել է տվել հայոց պետությունը. «428 թվականին եթե հայ իշխանների հոգևոր ու աշխարհիկ դասի մեջ եղել է մի կառույց, որը դեմ է եղել պետության կործանմանը, որը ամեն ինչ արել է պետությունը պահպանվի և դիմել է իշխաններին, դա եղել է սուրբ Սահակ կաթողիկոսը»։
Նրա խոսքով` եկեղեցին ժողովրդի հետ միասին պայքարել է, իսկ ահա Ավարայրի ճակատամարտում գլխավորել է պայքարը։
«428-ից 652 թվականներին որևէ արտաքին սպառնալիք չունենալով մենք պետություն ենք կորցրել։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Արդեն 387 թվականին Հայաստանը բաժանվել է Պարսկաստանի և Հռոմի միջև, իսկ 591 թվականին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Եվ ամենակարևորը՝ ի տարբերություն շատ եկեղեցիների, մեր եկեղեցին և եղել է, հայ ընտանիքի, և հայ հավատքի կրող, և փոխարինել է հայ պետությունը, մեր եկեղեցին եղել է գիտության, մտքի, կրթության օջախ։ Մեզ մոտ զարգացել է գիտությունը։ Ես չեմ հասկանում սրա իմաստը։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Եթե նպատակ ունի սեպ խրել պետության և եկեղեցու միջև, չի ստացվի։ Եկեղեցին որևէ կապ չունի մեր պետության կործանման հետ», - հայտարարեց Շարմազանովը։