14/09/2017 14:36
Զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատումը ռիսկեր է ստեղծում. Կառավարությունը մերժեց «Ելքի» առաջարկը
Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի, Գևորգ Գորգիսյանի, Մանե Թանդիլյանի և Արտակ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:
Ըստ ներկայացվող նախաձեռնության հիմնավորման՝ առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, որի արդյունքում կբարելավի ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը:
«Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն մեջ գտնվող անձինք», - նշված է նախաձեռնության հիմնավորման մեջ։
ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկում են ձեռնպահ մնալ այսպիսի օրենքի ընդունումից:
«Ինչու է գործող օրենքում նախատեսված պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց արտոնություն տալ, քանի որ այս դեպքում գնահատվում է, որ անձը չի կարող տնօրինել իր գույքը, անհրաժեշտության դեպքում ստանալ եկամուտ և, հետևաբար, այն տրամաբանությունն է դրված, որ այդ ժամանակահատվածում ազատված լինի գույքահարկի պարտավորությունից, իսկ մնացած դեպքերում կստացվի ճիշտ հակառակը, կարող է վարձով տրամադրել գույքը, որի արդյունքում կարող է եկամուտ ստանալ», - նշեց ֆինանսների փոխնախարարը։