14/09/2017 10:29
Խորհրդարանական կառավարման համակարգը կապահովի Հայաստանի ժողովրդավարական անշրջելի զարգացումը. Սերժ Սարգսյան
Արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում Հայաստանին հաջողեց ամուր հիմքի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, Հայ-ռուսական համալսարանում անցկացվող «Գլոբալ մարտահրավերներին՝ ռազմավարական քաղաքականության լուծումներ» խորագրով համաժողովի ողջույնի ուղերձում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի ուղերձը Հայ-ռուսական համալսարանում ներկայացրեց նախագահի ռեֆերենտ Հովհաննես Նիկողոսյանը:
Ուրախ էի այսօր իմ Alma Mater Հայ-ռուսական համալսարանում ներկայացնել Հանրապետության նախագահի ուղերձը։ #Հայաստանhttps://t.co/qih5oaoeV9
— Hovhanes Nikoghosyan (@hnikogh) September 14, 2017
«Հայաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ իրականացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումը, էներգետիկ համակարգի վերափոխումը և արդիականացումը, ենթակառուցվածքների համապատասխանեցումը շուկայական տնտեսության կանոններին: Բարդ աշխարհաքաղաքական, արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում մեզ հաջողեց ամուր հիմքի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ստեղծել քաղաքացիական հասարակության ու ազատական տնտեսության հիմքերը: Նշված բոլոր բնագավառներում մենք հարուստ փորձ ենք կուտակել և պատրաստ ենք փոխանցելու մեր փորձն ու դասերը», - ընդգծել է նախագահը:
«Սահմանադրության առումով` այժմ մենք գտնվում ենք անցումային շրջանում, մուտք ենք գործում առավել առաջադիմական կառավարման համակարգը, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը», - ուղերձում նշել է Սերժ Սարգսյանը` շեշտելով` երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև:
«Այժմ միջազգային գործարար լայն շրջանակներին մեր տնտեսության զարգացման ծրագրերի մեջ ընդգրկելու նոր փուլի շեմին ենք: Հիմնվելով առաջադեմ օրենսդրության և միջազգային ամենաարդյունավետ փորձի վրա՝ լիահույս ենք, որ կկարողանանք ստեղծել օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ գործիքակազմ, վստահելի տնտեսական համակարգ և արտահանման հնարավորություններ», - ասված է ուղերձում:
Նախագահը նաև կարևոր և արդիական է համարել միջոցառումը Հայ-ռուսական համալսարանում, որն այս տարի տոնում է հիմնադրման 20-ամյակը և տարիների ձեռքբերումներով հաստատուն տեղ է գրավել Հայաստանի գիտակրթական կյանքում:
Հայ-ռուսական համալսարանի կազմավորման 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում Թել Ավիվի համալսարանում գործող Բորիս Մինցի ինստիտուտի (ԲՄԻ) հետ համատեղ կազմակերպված կոնֆերանսին մասնակցում են ԲՄԻ խորհրդի անդամներ՝ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը, Չեռնոգորիայի նախկին վարչապետ Իգոր Լուկշիչը, ՄԱԿ-ում Իսրայելի նախկին դեսպան Իթամար Ռաբինովիչը, ռուսաստանցի հայտնի գործարար և հասարակական-քաղաքականգործիչ Բորիս Մինցը և այլք:
Կոնֆերանսին ելույթներով հանդես կգան համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը, համալսարանի պրոֆեսորներ Էդվարդ Սանդոյանը և Հրանտ Բագրատյանը:
Միջոցառմանն ամփոփիչ խոսքով հանդես կգա Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը: