18/09/2017 13:59
Սենթ Լուիսում անկարգությունների սկզբից ի վեր ձերբակալվել է ավելի քան 120 մարդ
Սենթ Լուիսի (Միսսուրի նահանգ) ոստիկանությունը հայտնել է, որ կիրակի ձերբակալվել է բողոքի ակցիաների ավելի քան 80 մասնակից, որի պատճառը սևամորթին գնդակահարած նախկին իրավապահի արդարացումն էր: Ուրբաթ սկսված անկարգությունների ձերբակալված մասնակիցների ընդհանոր թիվը 120-ն անցել է: Այս մասին հայտնել է իրավապահների ներկայացուցիչը, որի ելույթը հեռարձակվել է տեղական ոստիկանության Twitter-ի էջում, փոխանցում է ТАСС-ը:
Սենթ Լուիսում հանրահավաքները սկսվել են, երբ ուրբաթ դատարանն արդարացնող դատավճիռ է կայացրել ոստիկանության նախկին աշխատակից Ջեյսոն Սթոքլիի նկատմամբ, որը գնդակահարել էր սևամորթ Էնթոնի Լամար Սմիթին: Հաջորդող գիշերներին ցույցերն ուղեկցվել են անկարգություններով, և ոստիկանությունը ստիպված էր ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառել: Առաջին 2 օրում ձերբակալվել է ավելի քան 40 ցուցարար, առնվազն 10 ոստիկան վնասվածքներ է ստացել:
Սմիթը սպանվել է 2011 թվականի դեկտեմբերին. Սթոքլին նրա վրա 5 կրակոց էր արձակել, և նա տեղում մահացել էր: