19/09/2017 17:59
ԱՄՆ կոնգրեսականները հյուրընկալվել են խորհրդարանում
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ հանդիպել են ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ, որի կազմում են կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները և Դեյվիդ Վալադեոն, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Արփինե Հովհաննիսյանը կարևոր է համարել Ներկայացուցիչների պալատի հետ հարաբերությունների զարգացումը և համագործակցային ծրագրերի իրականացումը: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերին, օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, դատաիրավական բարեփոխումներին, կարևորել իրավապայմանագրային դաշտում հայկական և ամերիկյան իրավական համակարգերի փոխլրացումը:
Արփինե Հովհաննիսյանը կարևորել է երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայի փախստականների խնդրին. ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը Սիրիայից փախստականների ընդունման հարցում Եվրոպայում առաջատարներից է:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները կարևորել են ԱՄՆ-Հայաստան խորհրդարանական համագործակցության առավել խորացումը, անդրադարձել ոլորտային համագործակցության հարցերին, տարածաշրջանային խնդիրներին:
Կարևորվել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: