19/09/2017 16:27
ԼՂ կարգավորման մանրամասների քննարկումը հիմա օրհասական հարց չէ. Աշոտյան
Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի հասարակաքաղաքական օրակարգի կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է, «Հայաստան-Սփյուռք» համաժողովին ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, քանի՞ քաղաքական մասնակից ուժ էր իր քարոզարշավի ծրագրային դրույթների մեջ դրել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և Հայաստանի անվտանգության հարցը», - նշեց Ա. Աշոտյանը՝ պատասխանելով տարածքների հանձնման մասին հարցին:
Նա ընդգծեց՝ չի ուզում քննադատել ու վատաբանել, պարզապես ցանկանում է հիշեցնել, որ մասնակից 9 ուժից ընդամենը 3 ուժ է անդրադարձել Հայաստանի անվտանգությանն ու Արցախի խնդրին:
«ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը. տարբեր տեսակետներով, բայց ընդամենը երեք ուժ է խոսել Լեռնային Ղարաբաղից, այո, խնդիրը արդիական է, բոլորս դրանով արթնանում ու քնում ենք, բայց քաղաքական օրակարգի նախընտրական թոհուբոհի մեջ դա խնդիր չի դիտարկված», -նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Աշոտյանն ասաց, թե չի համարում, որ Հայաստանի հասարակական ու քաղաքական օրակարգում հիմա Ղարաբաղյան կարգավորման դետալների քննարկումն օրհասական հարց է:
«Ասեմ ինչու, որովհետև ապրիլյան պատերազմից հետո փոխվել է բանակցությունների բովանդակությունը այն տեսակետից, որ համանախագահների մասնակցությամբ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ընդունված պարտավորությունների կատարման շուրջ են այսօրվա բանակցությունները», - ասաց նա:
Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ այսօր թիվ մեկ խնդիրն է պարտադրել Ադրբեջանին կատարել այն պարտավորությունները, որից հետո կարելի է խոսել բանակցային գործընթացի փաստաթղթային քննարկումների մասին:
«Ադրբեջանական դիվանագիտությունը մի խորամանկություն է անում. իր ԱԳ նախարարի շուրթերով ասում է՝ Հայաստանը պետք է վերադառնա բովանդակային քննարկումների, իրենց համար բովանդակային ասելով այն է, ինչը հիմա Հայաստանում քննարկում ենք, ցավոք սրտի», - ասաց Ա. Աշոտյանը: