19/09/2017 16:33
Հայաստանը մի դիտարկեք որպես շուկա. Արսեն Ղազարյանը՝ սփյուռքահայերին
«ՀՀ – Սփյուռք տնտեսական համագործակցության խթանումը» քննարկման ժամանակ այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը սփյուռքահայերին կոչ արեց Հայաստանում ներդրումներ կատարել։
«Հենց ԵԱՏՄ-ին անդամակցությունն է, որ ինձ բարոյական իրավունք է տալիս ձեզ համոզելու՝ եկեք Հայաստան», - ասաց Արսեն Ղազարյանը՝ հարցադրում անելով. «Ինչո՞ւ պետք է Հայաստանում ներդրումներ անել, առաջին հերթին՝ շահութաբերության համար: Մեզ մոտ շահութաբերության տոկոսը բարձր է»։
Արսեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում շահութաբերության տոկոսը բարձր է ոչ միայն նրա համար, որ աշխատուժը շատ թանկ չէ, էներգառեսուրսները տարածաշրջանում համեմատաբար էժան են, այլ՝ Հայաստանն անցումային տնտեսություն ունի։
«Ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ երկրի նախագահը, վարչապետը, նախարարները խոշոր ներդրումային ծրագրերի կողքին կանգնած են, ներդրումային ծրագրերին հարկային արտոնություններ են տալիս», - ասաց Արսեն Ղազարյանը։
Գործարարների միության նախագահը սփյուռքահայերին կոչ արեց Հայաստանում զբաղվել ձեռնարկատիրությամբ։
«Մենք վաճառքի պրոբլեմ չունենք։ Մեր խնդիրները արտադրական ծավալների մեջ են։ Եթե մենք կարողանանք լուրջ գումարներ բերել մեր վերամշակող արտադրություն, ապա կկարողանանք արտադրական ծավալները մեծացնել: Եկեք, փող դրեք և աշխատեք», - ասաց Արսեն Ղազարյանը։
Նա հավելեց, թե բազում արտոնություններ կան արտահանելու համար, բայց արտահանելու ապրանք չկա.
«Հայաստանը մի դիտարկեք որպես շուկա. այստեղ գալ մեր օլիգարխների կողքին խցկվել, փորձել ապրանք ծախել։ Փորձեք Հայաստանում արտադրել և դուրս գալ արտաքին շուկաներ՝ Ռուսաստան, Եվրոպա, Արևելք»։