19/09/2017 12:04
Ո՞ր տարածքներն են, որ սպառնալիք չեն Արցախին. Նալբանդյանին հարցրեք. Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը
Պաշտոնական Ստեփանակերտը չի մեկնաբանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկվա հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման շրջանակներում տարածքների վերադարձի մասին:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ Արցախի բոլոր տարածքներն էլ երկրի անվտանգության առումով մեծ նշանակություն ունեն:
«Իհարկե, Նալբանդյանի տեսլականը իրենից կարող եք ճշտել, բայց ես ասեմ հետևյալը՝ մենք միշտ ընդգծել ենք՝ հակամարտությունն այնպես պետք է կարգավորվի, որ հետագայում ավելի մեծ պատերազմ կամ ավելի ողբերգալի իրադարձություններ տեղի չունենան: Այս առումով, մեզ համար չափազանց կարևոր է անվտանգության բաղադրիչը», - հավելեց նախագահի մամուլի խոսնակը:
Նրա դիտարկմամբ, եթե Ադրբեջանի համար ղարաբաղյան հիմնախնդիրը ամբիցիաների հարց է, ապա հայերի համար՝ կյանքի ու մահվան: Նա նկատեց, որ 1988-ին ԼՂԻՄ-ի սահմանները և 1991-ին ԼՂՀ-ի սահմանները գայթակղիչ են եղել Ադրբեջանի համար՝ հարձակվելու հայկական կողմի վրա ու հարցը կարգավորելու ուժային տարբերակով:
«Հիմա այն, ինչ ուզում է Ադրբեջանը՝ վերադառնալ 1988 թվականի սահմաններին: Ադրբեջանի համար դա գայթակղիչ է, պետք է հարձակվել ոչնչացնել մեզ: Եթե մենք չլինեինք այն սահմաններում, ինչպես նախկինում եղել է ԼՂԻՄ-ի սահմաններում, միգուցե թշնամին չէր հարձակվի: Ասենք Քարվաճառը, որտեղից սկիզբ է առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը՝ Արփա և Որոտան գետերը, որոնք փրկում են Սևանա լիճը, իսկ Սևանը մեր ամենամեծ հարստությունն է: Լավ, հիմա եթե Ադրբեջանը, Աստված մի արասցե, տիրացավ այդ տարածքին, ի՞նչ է, ջրային ահաբեկչությամբ չի՞ զբաղվելու:
Մենք միշտ ասել ենք՝ եթե ուզում են հարցը համապարփակ կարգավորել, եթե Ադրբեջանը պատրաստ է քայլեր կատարել, ընդհանրապես այդ քայլերը պետք է լինեն համարժեք: Չի կարող լինել փոխզիջում՝ տարածք տալ խոստումի դիմաց: Խոստումի դիմաց մենք նրան խոստում կարող ենք տալ», - նշեց Դ.Բաբայանը:
Հետաքրքրվեցինք, թե ո՞ր տարածքները նկատի ուներ Է.Նալբանդյանը, որոնք սպառնալիք չեն Արցախին, Բաբայանը պատասխանեց. «Նալբանդյանից հարցրեք: Իսկ մենք ասել ենք, որ մեզ համար վերադարձ չկա անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով»:
«Մեզ համար ամեն մի տարածք ունի իր անվտանգության համակարգը, եթե խոսում եք սահմանների հարցի մասին, ապա դա կարող է կարգավորվել միայն հավասար ձևով: Մենք էլ ունենք ահագին տարածքներ, որոնք Ադրբեջանում են, հասկանո՞ւմ եք: Եթե Ադրբեջանը պատրաստ է ինչ-որ քննարկումների, միայն այդ ժամանակ պետք է խոսենք… Գետաշենի խնդիր կա, Շահումյանի խնդիր կա, Հյուսիսային Արցախի հարցեր կան ու այդ սահմանների «կոռեկցիան» պետք է համապարփակ ձևով կարգավորվի, որպեսզի հետագայում ավելի մեծ խնդիր չլինի: Այսօրվա դրությամբ ցանկացած միակողմանի քայլ բերելու է կատաստրոֆայի: Որևէ մեկը միակողմանի քայլեր չի անելու երբևիցե», - ընդգծեց նա:
Հիշեցնենք՝ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովում պատասխանելով ներկաների հարցերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր. «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել»: