19/09/2017 16:54
ՏՏ ոլորտում շուրջ 3000 որակյալ կադրի պակաս կա. Հովիկ Մուսայելյան
ՏՏ հաջողությունները պետք է օգտագործել տնտեսության բոլոր ճյուղերում, Հայաստան-Սփյուռք համաժողովին հայտարարեց «Սինոփսիս-Արմենիա» ընկերության նախագահ Հովիկ Մուսայելյանը։
«Սա միակ ճյուղն է, որ Հայաստանում վերջին տարիներին 25-30 տոկոս աճ է ապահովում և ՀՆԱ-ի մեջ տնտեսական կշիռը կազմում է 4 տոկոս», - ասաց Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ այսպիսի ցուցանիշներ են արձանագրվում նաև զարգացած երկրներում:
Մուսայելյանի խոսքով՝ Հայաստանը ինտերնետ ծածկույթի առումով առաջին տեղը գրավող երկրներից է համարվում:
«Հայաստանում չկա մի տեղ, որտեղ ինտերնետ ծածկույթ չկա: Սա ցույց տալիս, որ մենք իսկապես կարող ենք որոշակի արգելքներ հաղթահարել», - ասաց Հովիկ Մուսայելյանը։
Նրա խոսքով՝ հայերի մրցակացային առավելությունը արագ հարմարվել կարողանալու հատկությունն է, ինչը, ըստ նրա, վկայում է նաև սփյուռքի պատմությունը:
Այդուհանդերձ, ըստ «Սինոփսիս-Արմենիայի» տնօրենի, ՏՏ ոլորտում խնդիրներ էլ կան։
«Հայաստանում երկու խոչընդոտ կա: Առաջինը՝ որակյալ կադրերի պակասն է. շուրջ 3000 որակյալ կադրի պակաս կա: Բուհերը չեն կարողանում միանգամից պահանջարկված ուսանողներ պատրաստել։ Կրթական ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա: Երկրորդ հարցն էլ գլոբալ շուկա մտնելու խնդիրն է», - ասաց Հովիկ Մուսայելյանը։