19/09/2017 17:41
Մեր երկրում գործում է դոպինգի դեմ պայքարող կազմակերպություն. Հրաչյա Ռոստոմյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Օլիմպավանում մասնակցել է «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության և վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով միջազգային սեմինարին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարը նշել է դոպինգի օգտագործման անթույլատրելիության և մեր երկրում իրականացվող հակադոպինգային ծրագրերի մասին:
«Այսօր ամբողջ աշխարհում մեծ պայքար է տարվում դոպինգի դեմ: Կյանքը ցույց է տվել, որ դոպինգի խնդիրն առկա է ամբողջ աշխարհում: Հպարտությամբ պետք է ասեմ, որ մեր երկրում ստեղծվել և գործում է մի կազմակերպություն, որը համառ պայքար է ծավալում դոպինգի դեմ: Եվ դրա արդյունքում 2013 թվականից մինչ օրս մենք դոպինգի հետ կապված լուրջ խնդիր չունենք», - ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
Նախարարը նշել է, որ ներկայումս հայ մարզիկները երեքշաբաթյա ռեժիմով դոպինգ թեստավորում են անցնում մեր հակադոպինգային ծառայության, ՀԱՕԿ-ի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) և միջազգային ֆեդերացիաների կողմից:
Մեկօրյա սեմինարին մասնակցել են մարզական բժիշկներ, մերսողներ և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: