19/09/2017 17:33
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպության ծառայողներն ավելի շատ են սեռական հանցագործություններ կատարում, քան՝ նրա խաղաղապահները
ՄԱԿ-ի քաղաքացիական աշխատակիցներն ավելի հաճախ են սեռական բնույթի հանցագործություններ կատարում, քան՝ նրա խաղաղապահները, խոստովանել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով բռնության այս տեսակի կանխարգելմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը:
Ինչպես նա նշել է, սեռական շահագործումը և բռնությունը խաղաղապահ գործունեությանը վերաբերող խնդիր չէ, դա ամբողջ ՄԱԿ-ի խնդիրն է»: Գուտերիշն արձանագրել է, որ «մեծամասամբ սեռական շահագործման և բռնության ակտեր են կատարում ՄԱԿ-ի քաղաքացիական կառույցների աշխատակիցները»: Նա խոստացել է, որ ՄԱԿ-ում ակտիվ միջոցներ կձեռնարկեն նրա խաղաղապահների և քաղաքացիական աշխատակիցների կողմից սեռական բնույթի հանցագործությունների կանխարգելման համար:
Վերջին ժամանակներս ՄԱԿ-ը բախվել է խաղաղ բնակիչների նկատմամբ անձնակազմի սեռական ոտնձգությունների կապակցությամբ մեծաթիվ գանգատների, առավելապես աֆրիկյան երկրներում: Գլխավոր քարտուղարի դիվանատան տվյալներով՝ միայն 2016 թվականի ընթացքում կազմակերպության աշխատակիցների հասցեին 106 նման մեղադրանք է ստացվել: