19/09/2017 18:08
Ոչ մեկ ոչ մեկի ոչ մի տարածք չի տալիս. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի համար անհասկանալի է այն իրարանացումը, որն առաջացել է երեկ «Հայաստան-Սփյուռք» համաժողովին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հետո:
«Ի՞նչ է երեկ ներկայացրել նախարարը. ներկայացրել է այն, ինչ բազմիցս հրապարակվել է, այսինքն` երեք համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված է միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը», - «Հայաստան-Սփյուռք» համաժողովին ասաց Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով` ներկայացնելով այդ տարրերը` նախարար Նալբանդյանը երկու բան է նշել:
«Այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ կա և այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որպեսզի որևէ զենքի համար անվտանգ լինի, հուսալի, որ որևէ զենքի համար հասանելի չլինի», - ասաց փոխարտգործնախարարը:
Նա ընդգծեց, որ եթե խոսքը վերաբերում է տարածքներին, ապա պետք է ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը:
«Ըստ էության, ինչ-որ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել: Ինձ համար ուղղակի զարմանալի է. ոչ մեկ ոչ մեկի ոչ մի տարածք չի տալիս, խոսքը վերաբերում է նրան, որ այն փաթեթը, որը կար, որը մեզ ներկայացրել են միջնորդները, այդ փաթեթի երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները», - ասաց Շ. Քոչարյանը:
Նա ընդգծեց`պետք է միշտ հիշել այն հանգամանքը, որ այօր Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ եղել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները:
«Ընդհանրապես, բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջև, այսինքն` եթե կրակում են, սադրում են », - ասաց Շ. Քոչարյանը` հիշեցնելով նախարար Նալբանդյանի երեկվա խոսքերը` առաջընթաց չի կարող լինել՝ առանց Արցախի կողմի մասնակցության: