19/09/2017 20:00
Ռումինիայի հայ համայնքն ունի մշակույթի պահպանման, հայոց լեզվի իմացության, գրքերի խնդիրներ
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Սիմոն Սարգսյանի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամներ Սամվել Ֆարմանյանն ու Ռուզաննա Մուրադյանը:
Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել հայ-ռումինական քաղաքական հարաբերությունները` կարևորելով փոխշահավետ կապերի զարգացումը բոլոր բնագավառներում: Նա ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների կարևորությունը, որն իր հերթին կնպաստի այլ ոլորտների զարգացմանը:
Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Եվրոպայի ամենահին հայ համայնքներից մեկի՝ Ռումինիայի հայ համայնքի գործունեությանը և նշել, որ համայնքը դեռևս անելիքներ ունի Հայոց ցեղասպանության ընդունման ու դատապարտման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում:
Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը նշել է, որ Ռումինիայի իշխանությունները գնահատում են հայ համայնքի դերն ու նշանակությունը՝ ընձեռելով նրան գործունեության լավագույն պայմաններ: Վարուժան Ոսկանյանը մասնավորապես տեղեկացրել է, որ Ռումինիայի հայ համայնքն ունի մշակույթի պահպանման, հայոց լեզվի իմացության, գրքերի խնդիրներ:
Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել վերոնշյալ խնդիրների լուծմանը: