19/09/2017 18:27
Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին. Նախարար
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանին:
Իր ելույթում նա անդրադարձել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործմանը, միջուկային զենքի չտարածման պայմանագրի պարտավորությունների պահպանմանը, կարևորել հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման բարձր մակարդակը։
Նախարարը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված փորձագիտական առաքելությունների արդյունքներին, որոնց համաձայն հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի հետ երկարատև ու արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Համաժողովի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի հետ։