19/09/2017 13:24
Նախքան ներգաղթ կազմակերպելը, հարկավոր է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ արտագաղթ չլինի. Ժողովրդագիրը արձագանքում է Սերժ Սարգսյանի «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրին
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը չի պատկերացնում, թե ինչպես է Հայաստանը 2040 թվականին 4 միլիոն բնակիչ ունենալու, ինչի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարել էր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին:
«Ես մինչև չհասկանամ, թե ի՞նչ կա այդ գրածի հիմքում, որ ինքն անընդհատ արծարծում է, ոչինչ չեմ կարող ասել: Ես ուզում եմ հասկանամ՝ ի՞նչ է ենթադրվում, ինչպե՞ս է ենթադրվում, մինչև դա չհասկանամ, չեմ կարող ասել՝ իրատեսակա՞ն է, թե ոչ: Կարող է 100 մլրդ դոլար են տալիս ինչ-որ տեղից, բերել են, ուզում են երկիրը շենացնեն: Ես չգիտեմ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռ.Եգանյանը:
Դիտարկմանը, թե այդ ծրագիրը ենթադրում է Սփյուռքից ներգաղթի կազմակերպում և «լուրջ ցուցանիշների ձեռքբերում», ժողովրդագիրն արձագանքեց. «Նախքան ներգաղթ կազմակերպելը, հարկավոր է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ արտագաղթ չլինի, որպեսզի մեզնից գնացող չլինի: Մինչև դա չարվի, հույս ունենալ, որ կգան մարդիկ, լուրջ չէ: Բնակչության արտահոսքը շարունակվում է, և առայժմ որևիցե միտում չկա, որը ցույց կտա, որ մեզնից բնակչության արտահոսքը դադարում է, պակասում է»:
Մասնագետի խոսքով, եթե հայաստանյան սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում Հայաստանի քաղաքացին չի կարողանում ապրել ու գնում է, «ինչպե՞ս կարելի է հույս ունենալ, որ Սփյուռքից կգան ու կապրեն այստեղ»:
«Հա, հասկացանք, Հայաստան, հայրենիք, բայց այդ մարդը պետք է ապրի, աշխատի այստեղ, չէ՞: Կամ պետք է աշխատանք ունենա եկամուտ բերող, կամ բիզնես ունենա: Ո՞նց պետք է անի, ինչի՞ հաշվին պետք է անի», - նկատեց Ռ. Եգանյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանից արտագաղթի վերաբերյալ ուսումնասիրություն, հարցումներ կատարվել են, որի արդյունքներն ամփոփվում են և կհրապարակվեն տարեվերջին: Մինչ այդ, ըստ Եգանյանի, Հայաստանից մարդկանց արտագաթի պատճառները մնում է նույնը՝ սոցիալական, տնտեսական ծանր վիճակ:
«Հեղափոխական անցումներ պատճառների մեջ հնարավոր չեն, և արտագաղթը պայմանավորող գործոնները շարունակում են մնալ նույնը: Դա սոցիալ-տնտեսական բնույթի գործոններն են, աշխատատեղերի բացակայությունն է, իսկ եղած աշխատանքն էլ չի ապահովում արժանավայել գոյատևման համար միջոցներ», - նշեց ժողովրդագիրը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, ասել էր. «Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք ՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում: Հաջորդ Հայաստան-սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը։ Սա պայմանավորվում ենք հենց հիմա այստեղ»: