20/09/2017 13:28
Ցյուրիխյան ստորագրություններն առաջին օրվանից դարձան քաղաքական խաղաքարտ, որը փորձեցին օգտագործել Հայաստանի դեմ. Համբիկ Սարաֆյան
Ողջունում ենք նախագահի հայտարարությունը, քանի որ Հայաստանը ոչինչ չունի կորցնելու, ոչինչ չկա էլ, որ կորցնենք, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի՝ Ցյուրիխյան արձանագրություններից հրաժարվելու մասին հայտարարությանը:
Սարաֆյանն ընդգծեց, որ հայության համար հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալը միշտ էլ էական է եղել, մինչդեռ Թուրքիայի համար այդ արձանագրությունները խաղաքարտ են:
«Թուրքիայի կողմից գոյություն ունի մի իրավիճակ, երբ Ցյուրիխյան ստորագրություններն առաջին օրվանից դարձան քաղաքական խաղաքարտ, որը փորձեցին օգտագործել Հայաստանի դեմ, ինպես նաև որոշ չափով՝ Ադրբեջանին հաճոյանալու համար», - ընդգծեց նա։
Վերջինս ասաց, որ թեկուզ չկան բարեկամական հարաբերություններ հարևան երկրի հետ, բայց կարող էին լինել հարաբերություններ, որից կօգտվեին երկու երկրներն էլ։
«Եթե հակառակ կողմում գործընկեր ունենք, որն այսպես թե այնպես հետաքրքված չէ հարցի լուծմամբ, այլ ավելի շատ աշխատում է այդ համաձայնագիրը ենթարկելու քաղաքական շահերի համար, ապա հնարավոր չէ, որ Հայաստանը որպես պետություն սպասի, թե Թուրքիան երբ է փոխելու իր դիրքորոշումը և հարցին մոտենա ոչ թե քաղաքական դիվիդենտներ հավաքելու, այլ իսկական լուծումներ առաջարկելու տեսանկյունից», - հավելեց նա։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի իր ելույթում Սերժ Սարգսյանը նշել էր, որ Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: