20/09/2017 13:51
Այն դեպքը, որ եղավ Ձեզ հետ, մեկ անգամ ևս ցույց է տալիս՝ Թուրքիան 100 տարվա մեջ չի փոխվել. Էդուարդ Շարմազանովը՝ Գարո Փայլանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանին, ով այս օրերին Հայաստանում է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Մենք շատ հպարտ ենք, որ Թուրքիայի խորհրդարանում ունենք հայազգի պատգամավորներ: Ուզում եմ հատուկ գնահատել Ձեր անձնական ներդրումը. մենք հպարտությամբ և ուշադրությամբ ենք հետևում Ձեր գործունեությանը: Այն դեպքը, որ եղավ Ձեզ հետ, մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիան 100 տարվա մեջ չի փոխվել», - նշել է ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին ու խնդիրներին, կարևորել հայրենիք-Սփյուռք կապերի խորացումն ու Սփյուռքի խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցին, Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին, որը ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ հայկական հարցի արցախյան դրսևորումն է: