20/09/2017 10:59
Որևէ կարգավորում չի կարող ստիպել Ղարաբաղի ժողովրդին դառնալ մեկ այլ ժողովրդի ենթական. Խոսրով Հարությունյան
ՄԱԿ-ի ամբիոնից նախագահի հայտարարությամբ ասվում է, որ Թուրքիան խորշում է Հայաստանի հետ նորմալ միջպետական հարաբերություններ ձևավորելու գործընթացից և օգտագործում է փակ սահմանը՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը՝ հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, երկու մեսիջ է պարունակում. առաջին՝ Հայաստանն իրենից հասնող ամեն ինչ արել է տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն ապահովելու համար, երկրորդ՝ լարվածության պատճառը շարունակում է մնալ Թուրքիան և հենց նրան պետք է ուղղված լինեն միջազգային հանրության կոչերը:
«ՀՀ նախագահի կողմից միջազգային հանրությանը տեղեկացվում է, հայկական կողմի բոլոր նախաձեռնությունները միտված են հայ-թուրքական հարաբերությունները բերել քաղաքակիրթ հարթակ և միջպետական հարաբերությունների մակարդակ ապահովել, ձախողվեցին նույնիսկ այն դեպքում, երբ մեզ հաջողվեց Ցյուրիխում թուրքական կողմին նստեցնել սեղանի շուրջ և ստորագրել արձանագրություններ», - նշեց նա:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ թեև Ցյուրիխյան արձանագրությունները հույս էին ներշնչում, որ պետք է մեկնարկեին միջպետական հարաբերությունների որակապես ձևավորման նոր փուլ, բայց Թուրքիան ընդառաջ չգնաց, ուստի հայկական կողմը ստիպված է հակահարված տալ:
«Թուրքական կողմն այդ արձանագրությունը գցեց իր դարակներում, մի տեղ և փորձում էր նույնիսկ Հայաստանին պատանդ պահել այդ արձանագրություններին: Դրանով պայմանավորված՝ 2015-ին ՀՀ նախագահը նախ հետ կանչեց դրանք ԱԺ-ից՝ հասկացնել տալով միջազգային հանրությանը, որ մենք ստիպված են լինում ճնշման քայլ ձեռնարկել: Դա ոչ այլ ինչ է, քան ճնշում թուրքական կողմի վրա»:
Խոսրով Հարությունյանը նաև կարևորեց Սերժ Սրագսյանի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:
«ՄԱԿ-ի ամբիոնից այս հայտարարությունները բոլորովին այլ հնչեղություն ունեն: Այլ բան է, որ այս խնդիրները բանակցային գործընթացում դրվում է Մինսկի խմբի համանախագահողների առջև, այլ բան է, երբ հրապարակավ ՄԱԿ-ի ամբիոնից է հնչեցվում որպես միջազգային հանրության մոտեցում և ի գիտություն: Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորում չի կարող լինել, եթե այն խարսխված չէ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման վրա: Որևէ կարգավորում չի կարող ստիպել Ղարաբաղի ժողովրդին դառնալ մեկ այլ ժողվորդի ենթական», - հավելեց նա: