20/09/2017 02:09
ՀՀ նախագահ. ԼՂ հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները։ Այդ մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից», - նշեց նա։
«Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է», - նշեց Ս.Սարգսյանը։
Նրա խոսքով` Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը:
«Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար», - ասաց Ս.Սարգսյանը։