20/09/2017 14:01
Հայ-թուրքական սահմանը թուրք հովիվ է հատել
Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, որը ապօրինի հատել է հայ–թուրքական պետական սահմանը, տեղեկացնում են Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ իրավախախտներին հայտնաբերելու նոր համակարգի շնորհիվ, հաջողվել է մի քանի րոպեի ընթացքում ձերբակալել հանցագործին: Նշվում է, որ իրավախախտը ծնվել է 1972-ին, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։
Նա պատմել է, որ հովիվ է, աշխատում է Իգդիրի նահանգի Արալըքի գավառի Գյոդաքլը բնակավայրում, և պետական սահմանը հատել է հոտից հետ մնացած խոշոր եղջերավոր անասուններին որոնելու համար։
Ըստ աղբյուրի՝ իրավապահների կողմից ստուգվում է վարկածը, կպարզվեն կատարվածի հանգամանքները: