20/09/2017 14:51
«Ոչ մի թիզ հող» ասել հիմա՝ նշանակում է ոչինչ չենք անելու մնացածը հետ բերելու համար. Կիրո Մանոյան
«Ոչ մի թիզ հող» կարգախոսն իմաստ էլ չունի, «Հայաստան-Սփյուռք» համաժողովին լրագրողներիի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Որովհետև մենք հող ունենք վերցնելու, այնպես չէ, որ սրանք են վերջնական սահմանները», - նշեց նա։
Կիրո Մանոյանն ընդգծեց՝ առաջնահերթ խնդիրն այսօր Արցախի ինքնորոշման ճանաչումն է։
«Դրա համար «ոչ մի թիզ հող» ասել հիմա` նշանակում է ոչինչ չենք անելու մնացածը հետ բերելու համար», - ընդգծեց նա։
Հարցին, թե իրականում այս հարցի վերաբերյալ տարբե՞ր չեն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մոտեցումները, Կ. Մանոյանը պատասխանեց, որ, անշուշտ, տարբեր են:
«Սակայն չենք հասել հարցի կարգավորման այն փուլին, որ ասենք` միասին չենք, ուրեմն` մենք գնացինք, դուք մնացեք կամ հակառակը: Արցախի հարցում մեր տեսակետը հայտնի է, հայտնի է նաև ՀՀԿ-ի տեսակետը և դրա մեջ մենք այսօր վտանգ չենք տեսնում», - ասաց ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատուն։