20/09/2017 13:26
Պահանջագիր «Սասնա ծռերի» գործով դատավորին (լուսանկարներ)
Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» 14 անդամի վերաբերյալ քրեական գործով 11 փաստաբաններ գրավոր պահանջ են ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Դատավորին պահանջագիր ներկայացնելու առիթը այսօր նույն գործով դատական նիստին փաստաբաններ Արայիկ Պապիկյանին ու Մուշեղ Շուշանյանին դատարան մուտք գործել թույլ չտալն էր:
«Ստիպված ենք ձեզ հիշեցնել, որ դուք, որպես նախագահող դատավոր, պարտավոր եք միջոցներ ձեռնարկել ապահովել բոլոր պաշտպանների մուտքը դատական նիստերի դահլիճ: Բացի այդ, ձեր պարտականությունն է ապահովել օրենքի պահանջները, մեր պաշտպանյալների իրավունքները, այդ թվում՝ իրենց ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանություն իրականացնելու, ողջամիտ ժամկետներում գործը քննելու և մի շարք այլ իրավունքներ, որպիսիք, ինչպես ցույց է տալիս փորձը, դուք չեք իրականացրել», -նշված է 11 փաստաբանների պահանջագրում:
Փաստաբանները պահանջում են ապահովել իրենց անարգել մուտքը դատական նիստերի դահլիճ: