20/09/2017 11:37
Ղարաբաղի ժողովուրդը պետք է օգտագործի ինքնորոշման իրավունքը. Ստեփան Գրիգորյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, ամենայն հավանականությամբ ուղղված էին Թուրքիային, Aysor.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
«Կարծում եմ՝ սա մեսիջ է Թուրքիային ուղղված, որ եթե վերջինս քայլեր չանի ու շարունակի սահմանը փակ պահել, ապա մենք չեղյալ կհամարենք այդ պայմանագիրը», - նշեց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով՝ Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ ՄԱԿ-ի ամբիոնից նման հայտարարություն անելու առանձնահատկությունն այն է, որ դա լսելի է դառնում ամբողջ աշխարհում:
«Ավելի լայն ֆորմատ է և պետք է այստեղ ասես այն, ինչը դու գլխավոր ես համարում ղարաբաղյան հարցում: Տարբեր կոնֆլիկտներում տարբեր հարցեր են կարևոր, մեր դեպքում զարգացումն այնպես է գնում, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է օգտագործի ինքնորոշման իրավունքը», - նշեց Ստեփան Գրիգորյանը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի իր ելույթում Սերժ Սարգսյանը նշել էր, որ Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Սերժ Սարգսյանը նաև ընդգծել էր, որ Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել Ցյուրիխում 2009 թ-ին ստորագրված արձանագրությունները և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: