20/09/2017 14:05
Փորձագետների խումբը «Նաիրիտ»-ի վերաբերյալ եզրակացություն կներկայացնի
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող փորձագիտական խմբի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հանդիպմանը փորձագիտական խումբը ՀՀ ԱԻ նախարարին ներկայացրել է իրականացվող ուսունասիրությունների միջանկյալ արդյունքները:
Այս ընթացքում փորձագետները ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, զրուցել տեղի մասնագետների հետ, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները, ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա:
Ելնելով հետազոտությունների արդյունքներից՝ փորձագիտական խումբն առաջիկայում կներկայացնի առաջարկների փաթեթ, որտեղ կնախանշվեն խնդրի լուծման ուղիները:
Հիշեցնենք, որ օգոստոսին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում բռնկված հրդեհից հետո ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին արձագանքել էին Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC) ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ (Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Շվեդիայից):