20/09/2017 17:45
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի համար հարազատ է ազգ-բանակ գաղափարախոսությունը
«Փառք Աստծո, տարիների ընթացքում հասանք նրան, որ այսօր մեր ժողովուրդն ամբողջությամբ գիտակցում է Անկախության և՛ գինը, և՛ արժեքը», -Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը հայտարարել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
ՀԵՀ-ի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի համատեղ ջանքերով բուհում սեպտեմբերի 20-ին անցկացված միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ապրիլյան պատերազմի մասնակիցներ։
Անցկացվել է նաև ֆոտոցուցահանդես, ֆլեշմոբ, հյուրերը կրակեցլ են հրաձգարանում, ներկայացվել է ՀՀ անկախության տոնի առթիվ նկարահանված տեսանյութ։
Կարեն Ավագյանը շեշտել է, որ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ ունեն ՀՀ Զինված ուժերի հետ տարվող ծրագրերը:
«Երբ ես էի ուսանող, տոնում էինք ՀՀ Անկախության հնգամյակ, տասնամյակ. կարծես մարդիկ այդքան շատ չէին արժևորում կամ ընկալում այդ անկախության գաղափարը: Փառք Աստծո, տարիների ընթացքում հասանք նրան, որ այսօր մեր ժողովուրդն ամբողջությամբ գիտակցում է անկախության և՛ գինը, և՛ արժեքը»,-նշել է Կ. Ավագյանը․
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուր Աթոյանը հավաստիացրել է, որ բուհում ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա է և իրենց գործունեության կարևոր ուղղություններից: Ռեկտորի վստահեցմամբ՝ համալսարանականների համար հարազատ է ազգ-բանակ գաղափարախոսությունը:
Միջոցառման ընթացքում հոլովակի միջոցով ներկայացվել է, թե բուհի ուսանողական խորհուրդն ինչ ծրագրեր է իրականացրել ՀՀ զինված ուժերի հետ համատեղ: Ամփոփվեցլ են նաև «Անկախությունն իմ աչքերով» ֆոտոմրցույթի արդյունքները:
Արտակ Զաքարյանը ուսանողների հետ հարցուպատասխանի ընթացքում վստահեցրել է՝ անկախությունն արժեք է, որը պաշտանելու կարիք ունի։
«Պետությունը հենասյուն է, որը պատասխանատու, գիտակից և լիարժեք իրեն տեր զգացող քաղաքացու կարիք ունի: Մենք չենք կարող կողքի կանգնած, կրավորական կեցվածքով նայել պետության ներսում եղած խնդիրներին: Մենք ինքներս դրանց համար պետք է պատասխանատու լինենք»,-նշել է նա։