20/09/2017 00:05
ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի հիման վրա. Լեհաստանի նախագահ
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքին` այդ համատեքստում կարևորելով բարձրաստիճան հաճախակի շփումներն ու քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդելը։
Նախագահ Դուդան շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ դառնալու հարցում Լեհաստանին Հայաստանի աջակցության համար: Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ շնորհավորել է Լեհաստանին և հույս հայտնել, որ ձևավորված փոխաջակցման և փոխըմբռնման ավանդույթներն այսուհետ ևս կշարունակվեն:
Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը քաղաքական երկխոսության զարգացման գործում։ Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հանգամանքը՝ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ ձևաչափով համագործակցությունն առաջիկայում ավելի ծանրակշիռ կդառնա:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Սերժ Սարգսյանը կարևորել է այս հարցում հավասարակշռված դիրքորոշման ցուցաբերումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:
Նախագահ Դուդան ընդգծել է, որ Լեհաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, և Լեհաստանը վստահ է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի հիման վրա: