20/09/2017 02:12
Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով», - Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է:
«Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով», - ընդգծեց Ս.Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ մնացած բոլոր հարցերն ածանցյալ են. «Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդարլուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ»: