20/09/2017 18:00
Ի՞նչ իրավական ընթացակարգեր են պահանջվում հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ համարելու համար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունները մինչև գարուն կարող են առ ոչինչ համարվել:
Aysor.am-ը Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավական ընթացակարգեր են պահանջվում հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ համարելու համար:
Գևորգ Դանիելյանի գրավոր պատասխանում նշվում է հետևյալը.
«Նախ, հստակեցնենք, որ այսպես կոչված՝ «հայ-թուրքական արձանագրություններ» եզրույթը ներառում է «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք, ըստ էության, իրավական ուժ չունեցող միջազգային պայմանագրեր են:
Տվյալ պարագայում առնվազն հետևյալ հետևությունները պետք է արվեն՝ ա) դեռևս չվավերացված պայմանագիրը չի կարող ամբողջությամբ կամ մասնակի գործել և բ) չեղյալ կարող է ճանաչվել միայն իրավական ուժ ունեցող միջազգային պայմանագիրը:
Այն, որ իրավական ուժ չունեցող միջազգային պայմանագիրը չի կարող անգամ մասնակի գործել, բխում է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասից և 31-րդ հոդվածից: Նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դեռևս ուժի մեջ չմտած, բայց ստորագրած միջազգային պայմանագրում կարող են կատարվել միայն փոփոխություններ ու լրացումներ, իսկ այդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, չեղյալ կարող են ճանաչվել միայն ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը:
Տվյալ դեպքում, քանի որ խոսքը դեռևս ուժի մեջ չմտած միջազգային պայմանագրերի մասին է, օրենսդրությունը չի ամրագրել դրանք չեղյալ ճանաչելու ընթացակարգ: Սակայն սա չի նշանակում, որ խորհրդարանը չի կարող չեղյալ ճանաչելուն համարժեք իրավական դիրքորոշում ցուցաբերել վավերացման համար ներկայացված միջազգային պայմանագրերի առնչությամբ:
Մասնավորապես՝ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով վավերացման մասին որոշում ընդունելու համար անհրաժեշտ ձայներ չի հավաքում, ապա տվյալ միջազգային պայմանագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից համարվում է մերժված»:
Մի կարևոր դիտարկում ևս. միջազգային պայմանագրի վավերացումը ևս այդ պայմանագրի կնքման փուլ է (նշված օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մաս), իսկ դա նշանակում է, որ վավերացման նոր կարգ նախատեսող դրույթները տարածվում են հիշյալ արձանագրությունների վավերացման վրա, այսինքն՝ դրանք կարող են վավերացման ներկայացվել միայն ՀՀ կառավարության կողմից վավերացման վերաբերյալ համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնելու դեպքում:
Ընդ որում, նշված օրենքի 39.1. հոդվածի 1-ին մասի համաձայն, Հանրապետության Նախագահը կարող է դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը և հանձնարարական տալ արտաքին գործերի նախարարությանն այդ մասին ծանուցելու պայմանագրի մյուս կողմին»: